WWF-ի ջանքերը ընձառյուծի պահպանության ուղղությամբ տալիս են իրենց արդյունքները

Posted on January, 29 2014

Վերջին տաս տարիների ընթացքում WWF-ը զգալի աշխատանք է կատարել Կովկասում ընձառյուծի կարգավիճակը գնահատելու համար, ինչպես նաև ծրագրեր է մշակել և իրականացրել վերջինիս պահպանության համար: 
Կովկասում ընձառյուծը անհետացման եզրին գտնվող կենդանատեսակ է, ողջ էկոտարածաշրջանում միայն առանձին փոքր խմբեր են մնացել:

Վերջին տաս տարիների ընթացքում WWF-ը զգալի աշխատանք է կատարել Կովկասում ընձառյուծի կարգավիճակը գնահատելու համար, ինչպես նաև ծրագրեր է մշակել և իրականացրել վերջինիս պահպանության համար: WWF-ը IUCN-ի կատվազգիների մասնագետների խմբի հետ միասին նախաձեռնել է «Ընձառյուծի պահպանության տարածաշրջանային ռազմավարության» զարգացման ծրագիր՝ ընդգրկելով կովկասյան էկոտարածաշրջանի տարբեր շահագրգիռ կողմեր: Այդ ռազմավարության հիման վրա WWF-ը մշակեց «Ընձառյուծի պահպանության ազգային գործողությունների պլան» տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար, որը հաստատվեց համապատասխան երկրների պետական մարմինների կողմից:

2002 թվականից ի վեր WWF-ը համագործակցել է ՀՀ բնապահպանության նախարարության (ԲՆ), բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ), Բնապահպանության պետական տեսչության, տեղական համայնքների, ոչ պետական կազմակերպությունների և գիտական հաստատությունների հետ՝ նպատակ ունենալով Հայաստանի հարավում խթանել ընձառյուծի պահպանությանը: WWF-ի և ԲՆ-ի սերտ համագործակցության արդյունքում մեծ նվաճումներ են ձեռք բերվել Հայաստանի հարավում ԲՀՊՏ-ների համակարգի զարգացման առումով:

Հայաստանի հարավում չորս նոր ԲՀՊՏ է ստեղծվել («Արևիկ» ազգային պարկը, «Զանգեզուր» և «Խուստուփ» պետական արգելավայրերը և «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը), և հզորացվել է «Շիկահող» պետական արգելոցը, որոնք ընդգրկում են ընձառյուծի հիմնական ապրելավայրերը՝ 85366 հա ընդհանուր տարածքով, որը կազմում է հանրապետության տարածքի 2,9 %-ը: Այս ամենը ստեղծվել է տարբեր դոնոր կազմակերպությունների աջակցությամբ՝ ներառյալ CEPF, UNDP, GEF, Նորվեգիայի կառավարությունը, CNF, WWF Գերմանիան, WWF Շվեյցարիան և WWF Նորվեգիան:

Ընձառյուծի պահպանությունը հզորացնելու նպատակով WWF-ը աջակցել է «Խոսրովի» և «Շիկահողի» պետական արգելոցներին, «Արևիկ» ազգային պարկին, «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելավայրերին տրամադրելով սարքավորումներ և համապատասխան հարմարություններ (տեսուչների համար պահակատներ, ամենագնաց ավտոմեքենաներ, ճանապարհային արգելափակոցներ, հեռադիտակներ, ֆոտոխցիկներ և այլն): ԲՀՊՏ-ներից դուրս ընձառյուծի պահպանությունն ապահովելու համար WWF-ը երեք մարզերի Բնապահպանության պետական տեսչություններին (Սյունիք, Վայոց Ձոր և Գեղարքունիք) տրամադրել է անհրաժեշտ սարքավորումներ (ամենագնաց ավտոմեքենաներ, հեռադիտակներ, ֆոտոխցիկներ և այլն):

WWF-ի փորձագետները ԲՀՊՏ-ների անձնակազմի հետ համատեղ պարբերաբար կատարում են Ընձառյուծի և վերջինիս որսատեսակների մոնիթորինգ: Սկսաց 2005 թվականից Հայաստանում ընձառյուծի հիմնական ապրելավայրերում WWF-ը տեղադրել է ֆոտոխցիկներ, որոնց շնորհիվ պարպերաբար ստանում է տեղեկատվություն տարածքում հանդիպող կենդանիների, այդ թվում ընձառյուծի և իրեն որս հանդիսացող տեսակների վերաբերյալ: Այս տեսակի կարգավիճակի, ապրելավայրերի և պահպանության միջոցառումների մասին տեղեկատվությունը ամփոփվել և հրատարակվել է IUCN Cat News-ի առանձին համարում:

Իրականացվել են հանրային իրազեկության բարձրացման և տեղեկատվական մի շարք գործողություններ (դպրոցական կրթական ծրագրեր, քարոզարշավներ, հրատարակումներ, մրցույթներ և այլն): Ընձառյուծի ապրելավայրերին կից համայնքներում համայնքային զարգացման տարբեր ծրագրեր են իրականացվել տեղի բնակչությանը այլընտրանքային եկամուտի միջոցներով ապահովելու նպատակով:

Բոլոր այս ջանքերը տվեցին խոստումնալից արդյունք՝ ընձառյուծը զգալիորեն հաճախ հայտնվեց Հայաստանի հարավում հատկապես վերջին տարվա ընթացքում: 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2013 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում WWF-ը գրանցել է որոշ տվյալներ, որոնք վկայում են ընձառյուծի ներկայությունը վերոնշյալ տարածքում՝
  • 23.10.2012 - ոտնահետքերի լուսանկար Հայաստանի հարավում (ենթադրաբար՝ հասուն արու),
  • 17.12.2012 - ոտնահետքերի (ենթադրաբար՝ հասուն արու) և որսի մնացորդների (վարազ) լուսանկար Հայաստանի հարավում,
  • 15.07.2013 - ոտնահետքերի լուսանկար (ենթադրաբար՝ երիտասարդ արու) Հայաստանի հարավում,
  • 14.09.2013 - հասուն արու ընձառյուծի լուսանկար Հայաստանի հարավում,
  • 16.09.2013 - հասուն արու ընձառյուծի լուսանկար Հայաստանի հարավում,
  • 17.09.2013 - հասուն արու ընձառյուծի երկու լուսանկար Հայաստանի հարավում,
  • 24.09.2013 - երիտասարդ էգ ընձառյուծի լուսանկար Հայաստանի հարավում:
Այնուամենայնիվ, դեռ պետք է շարունակական աշխատանքներ տարվեն «Կովկասում ընձառյուծի պահպանության տարածաշրջանային ռազմավարության» ծրագրում ամրագրված նպատակն իրականացնելու համար՝«Իրականացնել ընձառյուծի կենսունակ մետապոպուլյացիայի, դրանց վայրի որսատեսակների և ապրելավայրերի պահապնությունն ու կայուն կառավարումը, ինչպես նաև տեղական համայնքների հետ համատեղ ստեղծել գոյատևման կայուն մեխանիզմներ ամբողջ կովկասյան էկոտարածաշրջանում»: Այս առումով, կարևոր է գործընկերների ներգրավվումը համախմբելով ուժերն ու կոորդինացնելով գործունեությունները ընձառյուծի պահպանությունն իրականացնելու համար:

Գլխավոր նպատակին հասնելու համար WWF-ը շարունակելու է իր աշխատանքները՝ գործընկերների հետ համատեղ Հայաստանում ԲՀՊՏ-ների համակարգը հզորացնելու, ինչպես նաև էկոլոգիական ցանցի ամրապնդման ուղղությամբ՝ էկոլոգիական միջանցքներ ստեղծելով երկրի հարավում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.

Ալեքսանդր Մալխասյան
Ծրագրի համակարգող
Հեռ. +374 10 58 89 83 (ներքինը` 17)
Էլ.փոստ. amalkhasyan@wwfcaucasus.org

Գեռա Ոսկանյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ. +374 10 58 89 83 (ներքինը` 14)
Էլ.փոստ. gvoskanyan@wwfcaucasus.org
Կովկասյան ընձառյուծ, 2013թ.
© WWF-Հայաստան
Կովկասյան ընձառյուծ, 2013թ.
© WWF-Հայաստան
Կովկասյան ընձառյուծ, 2013թ.
© WWF-Հայաստան
Կովկասյան ընձառյուծ, 2013թ.
© WWF-Հայաստան
Հայաստանի հարավում գտնվող ԲՀՊՏ-ների քարտեզ
© WWF Հայաստան
«Խուստուփ» պետական արգելավայր
© WWF Հայաստան
«Զանգեզուր» պետական արգելավայր
© WWF Հայաստան