Հայ երիտասարդները սկսել են վարել կայուն և կանաչ կենսակերպ

Posted on December, 15 2011

Բնապահպանական խնդիրները և Մեկ մոլորակ կենսակերպի սկզբունքները, որոնք առնչվում են էկոլոգիական ոտնահետքի հետ, երեք ամիս շարունակ տեղ էին գտել մի շարք դպրոցների ուսումնական ծրագրերում
14 դեկտեմբերի, 2011թ. -- Բնապահպանական խնդիրները և Մեկ մոլորակ կենսակերպի սկզբունքները, որոնք առնչվում են էկոլոգիական ոտնահետքի հետ, երեք ամիս շարունակ տեղ էին գտել մի շարք դպրոցների ուսումնական ծրագրերում: Հայ դեռահասները հանուն էկոլոգիայի ծրագիրը ֆինանսավորվել է Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան ՓԲԸ-ի կողմից և համատեղ իրականացվել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի ու Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի կողմից:

$ 30.000 ԱՄՆ դոլարի արժողությամբ ծրագիրը` լինելով Էյչ-Էս-Բի-Սի Խմբի քաղաքականությանը համահունչ, վերաբերում է բնապահպանական ու կրթական հիմնախնդիրներին, որոնք շատ կարևոր են հայ դպրոցականների համար: Ծրագրի նպատակն էր բարձրացնել առկա բնապահպանական խնդիրների շուրջ իրազեկությունը` ներգրավվելով հայ դեռահասներին և նրանց ընտանիքներին, դպրոցներին ու համայնքներին: Ծրագիրը, որը բաղկացած է եղել երկու փուլից, իրականացվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության ակտիվ աջակցությամբ: Առաջին փուլը ներառում էր Երևան քաղաքի և մարզերի դպրոցների ուսուցիչների ուսուցում, որի ընթացքում ներկայացված էին WWF-ի Մեկ մոլորակ կենսակերպի սկզբունքները և կայուն ապրելակերպի հիմնարար խնդիրները: Բնության պահպանության և սոցիալական պատասխանատվությանը նվիրված դասընթացներ կազմակերպվել են Հայաստանի ավելի քան 35 դպրոցներում, 59 ուսուցիչների համար` ներգրավվելով ավելի քան 1770 աշակերտներ, որոնք և հետագայում մասնակցելու էին ակնարկների (էսեների) մրցույթին: Մասնկացած 109 հեղինակների ակնարկներից ընտրվեցին լավագույն 20-ը և որոնցից միայն երեք ամենալավ ակնարկների հեղինակները կստանան $1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական մրցանակներ` իրենց ակնարկներում արծարծված բնապահպանական և կայուն ապրելակերպի գաղափարներն իրագործելու համար:

Մրցանակաբաշխության և հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 14-ին Կոնգրես հյուրանոցի շքասրահում: Միջոցառման մասնակիցներին ողջունեցին ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի, Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան ՓԲԸ-ի, WWF-ի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները: Դպրոցականները պատրաստել էին "Բնության թագավորություն" խորագրով մի բեմադրություն, որի ընթացքում փորձեցին հանդիսատեսին հաղորդել Բնության համաշխարհային հիմնադրամի կանաչ և մեկ մոլորակ ապրելակերպի գաղափարը և փիլիսոփայությունը: Իր ողջույնի խոսքում Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան ՓԲԸ-ի Մարքեթինգի տնօրեն` տկն. Մարիամ Ադամյանը նշեց. "Այս ծրագրի ամենակարևոր արդյունքն այն է, որ մասնակից աշակերտները դարձել են բնության ինքնատիպ դեսպաններ, ովքեր կշարունակեն տարածել կանաչ ապրելակերպի գաղափարները, որոնք համահունչ են Երկիր մոլորակի բնական պաշարների հետ": Իր հերթին, WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն` պրն. Կարեն Մանվելյանը շեշտեց. "Մեր պարտականություն է այսօր ապահովել կանաչ և կայուն ապրելակերպ, ներգրավվելով ավելի շատ երիտասարդներ, որոնք կօգնեն նվազեցնել էկոլոգիական ոտնահետքը և թողնել առողջ ու գեղեցիկ մոլորակ մեր ապագա սերունդների համար":

Այսպիսով, լավագույն ակնարկների գաղափարների իրականացումը, որն արդեն հանդիսանում է ծրագրի երկրորդ փուլը կհսկվի Էյչ-Էս-Բի-Սի բանկի Կլիմայի չեմպիոնների կողմից և այդ աշխատանքները կվերսկսվեն 2012թ-ի գարնան և ամռան ամիսներին:

Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման արդյունքները դիտվում են որպես կայուն և երկարատև, քանի որ արդեն իսկ ծրագրի շրջանակներում ստեղծվել է համախոհ երիտասարդների մի ցանց, որը նպատակ ունի ամրապնդել միջդպրոցական ու միջհամայնքային կապերը` ուժեղացնելու բնության պահպանության խնդիրների շուրջ հանրային իրազեկությունը ողջ երկրում: Ստեղծված ինտերնետային էջն իր հերթին (http://ecoyouth.info/) կնպաստի աշակերտների զանգվածում բնապահպանական խնդիրների և լուծումների շուրջ տեղեկատվության լայն տարածմանը` նպատակ ունենալով զարգացնել նրանց մեջ սոցիալական պատասխանատվության զգացումը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`


Արթուր Խոյեցյան,
Համագործակցության զարգացման բաժնի ղեկավար
Հեռ.` +374 (10) 54 61 56 (նրք. 14)
Ֆաքս` +374 (10) 58 89 83
Էլ. հասցե` akhoyetsyan@wwfcaucasus.am

Դպրոցականների բեմադրություն
Դպրոցականների բեմադրություն
© WWF-Հայաստան