«Բարև Թրեյլզ» կամավորական նախագծի երկրորդ խումբն ավարտեց իր աշխատանքը «Արփա» պահպանվող լանդշաֆտում
Posted on 03 October 2018
Սեպտեմբերի 21-28-ը Գերմանիայից, Իսպանիայից և Շվեյցարիայից ժամանած կամավորները մասնակցեցին «Բարև թրեյլզ» (BarevTrails) էկոտուրիստական ծրագրի երկրորդ փուլին, որը տեղի ունեցավ «Արփա» (նախկինում «Գնիշիկ») պահպանվող լանդշաֆտում։ Ծրագիրը նախաձեռնել են WWF Հայաստանն ու Շվեյցարիայի «Վեսսեր» հիմնադրամը։
Սեպտեմբերի 21-28-ը Գերմանիայից, Իսպանիայից և Շվեյցարիայից ժամանած կամավորները մասնակցեցին «Բարև թրեյլզ» (BarevTrails) էկոտուրիստական ծրագրի երկրորդ փուլին, որը տեղի ունեցավ «Արփա» (նախկինում «Գնիշիկ») պահպանվող լանդշաֆտում։ Ծրագիրը նախաձեռնել են WWF Հայաստանն ու Շվեյցարիայի «Վեսսեր» հիմնադրամը, իրականացվել է «Արահետներ հանուն փոփոխության» ՀԿ-ի աջակցությամբ։ Ծրագիրն ուղղված է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացմանը։ Մեկ շաբաթվա ընթացքում կամավորները կատարել են հետևյալ աշխատանքները․
- բարեկարգել են «Բեզոարյան այծերի», «Նորավանքի» և «Կաքավների» անունները կրող արահետները,
- կառուցել են կամուրջ և բեզոարյան այծերի դիտակետ,
- տարածքում տեղադրել են բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև պատմամշակութային վայրերը ներկայացնող տեղեկատվական 32 ցուցանակ,
- արահետների գլխամասերում տեղադրել են տեղեկատվական 4 փայտյա կրպակ, որոնք այցելուներին ներկայացնում են արահետի մասին համապարփակ տեղեկատվություն,
- իրականացրել են արահետի ամբողջական գծանշում էկոլոգիապես մաքուր ներկերով՝ միջազգային չափանիշներին համապատասխան,
- արահետի դժվարանցանելի մասերում իրականացրել են բարեկարգման աշխատանքներ՝ հասանելիությունը և անվտանգությունը բարձրացնելու նպատակով,
- «Արենի համայնքային կենտրոնի» ճեմասրահը նկարազարդել են վայրի բնության որմնապատկերով՝ համայնքի բնակիչների բնապահպանական տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։
Տվյալ ծրագրի նպատակն է հարավային Հայաստանի պահպանվող տարածքներում («Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Արփա» պահպանվող լանդշաֆտ, պլանավորվող «Տաթև» ազգային պարկ և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր) էկոտուրիզմի ենթակառուցվածքների բարելավումը և ընդհանուր առմամբ Հայաստանի ճանաչելիության բարձրացումը որպես էկոտուրիզմի համար նպաստավոր երկիր: