Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը տոնեց իր գործունեության 15 ամյակը | WWF

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը տոնեց իր գործունեության 15 ամյակը

Posted on 01 October 2018    
WWF Armenia's 15 years Anniversary
© WWF Armenia
Ս.թ. սեպտեմբերի 28-ին «Մեգերյան կարպետ» գործարանի ընդունելությունների սրահում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Հայաստանը) նշեց իր գործունեության 15 ամյակը:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին տեսաֆիլմեր, որոնք պատմում էին կազմակերպության կողմից կատարված աշխատանքի մասին՝ վայրի բնության, անտառների պահպանության, էկո-միջանցքների ստեղծման և համայնքներում կատարված սոցիալական ծրագրերի շրջանակներում:

WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանն իր ողջույնի խոսքում նշեց. «15 տարի առաջ երբ սկսեցինք աշխատել Հայաստանում, կովկասյան ընձառյուծի հետք վաղուց չէր նկատվել: WWF-ը նպատակ դրեց վերադարձնել այս կենդանատեսակը տարածաշրջան: Այսօր Հայաստանում հաշվում ենք 9 ընձառյուծ, և սա առաջին հերթին եղել է ի շնորհիվ բնության հատուկ պահպանվող տարածքների հզորացման: Ոչ միայն ընձառյուծի քանակն է ավելացել, այլ նաև այլ կենդանատեսակների: Օրինակ բեզոարյան այծերի քանակը կրկնակի ավելացել է՝ 1500-ից հասնելով 3000-ի: Այս ամենը վկայում է այն մասին, որ մեծ աշխատանք է տարվել, և սա հնարավոր է եղել բազմաթիվ գործընկերների աջակցությամբ՝ ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության»:

Շնորհավորական ուղերձ հղեց նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ում հետ WWF-ն արդյունավետ աշխատանք է իրականացրել պարոն Մինասյանի դեռևս բնապահպանության նախարար եղած ժամանակահատվածում: Նախարար Մինասյանի կողմից WWF  Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը պարգևատրվեց նախարարության ոսկե հուշամեդալով՝ WWF Հայաստանի կողմից 15 տարվա արդյունավետ բնապահպանական գործունեության համար:
Պարոն Մինասյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ չափազանց մեծ է եղել WWF-ի դերը Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության հարցում: Որպես նախկին բնապահպանության նախարար ես կարողացել եմ ստանալ այն անհրաժեշտ աջակցությունը, որ անհրաժեշտ էր կազմակերպության մանդատի շրջանակներում մեր ծրագրերն իրականացնելու համար: Հիմա որպես տնտեսական զարգացման և ներդրումների նախարար պետք է ասեմ, որ հիմնարար վերափոխվել է նախարարության տնտեսական քաղաքականությունը: Առաջնահերթությունը ոչ միայն պարզապես տնտեսական աճի ապահովումն է, այլ որակյալ, ներառական և շրջակա միջավայրն ու սոցիալական ներառումն ապահովող տնտեսական աճի ապահովումը»:

Շնորհավորական ելույթներով հանդես եկան ՀՀ բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանը, WWF միջազգային գրասենյակի զարգացման գծով գործադիր տնօրեն Ժան Պոլ Պադդակը, «Էկո-մեդիա ցանցի» համահիմնադիր և նախագահ Նարինե Կիրակոսյանը:

Մեգերյան կարպետ ընկերության սեփականատեր Րաֆֆի Մեգերյանը հանդես եկավ իր ողջույնի խոսքով և հուշանվեր գորգ հանձնեց WWF միջազգային գրասենյակի զարգացման գծով գործադիր տնօրեն Ժան Պոլ Պադդակին:  

Միջոցառման ավարտին հյուրերը դիտեցին Երևանի մնջախաղի պետական թատրոնի կողմից բեմադրված ներկայացում՝ «Ապրելով բնության հետ ներդաշնակ», ինչպես նաև ունկնդրեցին տաղանդավոր երաժիշտ Միքայել Ոսկանյանի և MVF բենդի կատարումները:  
WWF Armenia's 15 years Anniversary
© WWF Armenia Enlarge
WWF Armenia's 15 years Anniversary
© WWF Armenia Enlarge

Subscribe to our mailing list

* indicates required