Հայաստանը և Կովկասը | WWF

Հայաստանը և Կովկասը

Կովկասյան տարածաշրջանը հայտնի է եվրոպական և ասիական ինքնատիպ կենդանական և բուսական աշխարհով, որոնք ճանաչվել են միջազգային դոնոր կազմակերպությունների և կովկասյան կառավարությունների կողմից և հաստատվել Կենսաբանական Բազմազանության մասին Կոնվենցիյում (CBD): Այստեղ կան մոտ 500 տեսակի ողնաշարվոր կենդանիներ (99 գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում) և 3500 տեսակ անոթային բույսեր (387-ը` Հայաստանի Կարմիր գրքում):
Բուսական աշխարհի խտությունը աշխարհում ամենաբարձրներից է համարվում. 100 տեսակ բույս 1կմ²: Տիգրանի թանթրվենին համարվում է ամբողջ աշխարհի մակարդակով միակ վտանգված տեսակը, որը գտնվում է Բնության Պահպանության Միջազգային Միության (IUCN)-ի Կարմիր ցուցակում:

Ասիական լայնականջ չղջիկը, հայկական գիշերաչղջիկը, արաքսյան գիշերաչղջիկը, հարավային, Բլազիի, Մեհելիի պայտաքիթ չղջիկները, ջրասամույրը, վայրի բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը, հայկական մկնիկը, Դալի ավազամուկը, մարգահավը, բլրային արծիվը, տափաստանային հողմահար բազեն, մարմարյա մրտիմն, Դարևսկու իժը, Միջերկրածովային կրիան, մեծ արորիկը դասվում են Հայաստանում գտվող համաշխարհային մակարդակով վտանգված ողնաշարավոր կենդանիների շարքին:

Հայաստանում բնակվող կովկասյան ընձառյուծը, գորշ արջը, կովկասյան ազնվացեղ եղջերուն, կովկասյան մարեհավը, վայրի հնդկահավը, սև անգղը, սպիտակագլուղ բադը, փոքր ձկնկուլը, սիրիական սխտորագորտը համարվում են էկոտարածաշրջանի համար հատուկ ուշադրության արժանի տեսակներ:

Էկոհամակարգի մի ընդարձակ մաս կենտրոնացված է Հայաստանի հարաբերականորեն փոքր տարածքում` նպաստելով յուրահատուկ մեծ կենսաբազմազանությանը:

Գլխավոր էկոհամակարգերն են անտառները, քաղցրահամ ջրերը, բարձրադիր և չորային լեռները, թփուտները, տափաստանները, կիսաանապատները և խոնավ տարածքների համակեցությունները:

Այնուամենայնիվ, Կովկասյան էկոհամակարգը և կենդանական աշխարհը գտնվում են մի շարք ճնշումների վտանգի տակ, որոնք ծագել են 90-ականների սկզբին Սովետական Միության անկումից հետո տնտեսական ճգնաժամի և չկարգավորված մարդկային ազգեցությունների արդյունքում: Անօրինական ծառահատումները, որսագողությունը, ընտանի կենդանիների անվերահսկելի արածեցումը, գյուղատնտեսության և ենթակառուցվածքների զարգացումը հանգեցրեցին կենսաբազմազանության դեգրադացմանը` թողնելով իր բնական վիճակում տարածաշրջանի միայն 12%ը և ունենալով վճռորորշ ազդեցություն վայրի բնության վրա:

Հայաստանը կազմում է Կովկասյան տարածաշրջանի  ընդամենը 6,7%-ը, որտեղ աճում են ավելի քան 3500 տեսակ վայրի բարձրակարգ բույսեր կամ Կովկասի էկոտարածաշրջանի ֆլորայի (մոտ 6000 տեսակ) կեսից ավելին: Հայաստանում գտնվող կովկասյան ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը, կովկասյան ազնվացեղ եղջերուն, կովկասյան մարեհավը, վայրի հնդկահավը, սև անգղը համարվում են տարածաշրջանի համար կարևորություն ներկայացնող  կենդանատեսակներ: