Բնության զարդ ԸՆՁԱՌՅՈՒԾԸ. պահպանե՞լ, փրկե՞լ, թե՞ …որսալ



Posted on 02 June 2013  | 
Եթովպիական ասացվածք կա. «Ընձառյուծի աչքն այծի վրա է, այծի աչքը՝ դալար ճյուղերի, իսկ ՄԱՐԴՈւՆԸ ...»: 

Կովկասյան ընձառյուծի (հովազի) մասին Հայաստանում խոսել են վաղնջական ժամանակներից: Խորհրդային տարիներին որսորդների համար այն եղել է արժեքավոր ավար` թանկարժեք մորթու պատճառով, իսկ, ընդհանուր առմամբ, հովազը համարվում է գիշատիչ, որը մեծ վնաս է հասցնում հատկապես անասնապահությանը: Այսպես է այդ կենդանատեսակը հիշատակվում խորհրդահայ մամուլի եւ մասնագիտական գրականության էջերում:

Դեռ անցյալ դարի 1972-ին խորհրդային իշխանությունները արգելեցին բնության շղթայի կարեւորագույն օղակ` ընձառյուծի որսը, իսկ կենդանաբանները, Հայաստանի տարածքում 1978-1987-ին հաշվառելով ավելի քան 20 առանձնյակ, առաջարկեցին այս կենդանատեսակն ընդգրկել 1989 թվականին լույս տեսած «ՀՍՍՀ Կարմիր գրքի»` կաթնասունների բաժնում: Ի դեպ, ընձառյուծն իր «պատվավոր» տեղը զբաղեցրեց նաեւ ԽՍՀՄ եւ Միջազգային Կարմիր գրքերում:

Ժամանակի հայտնի կենդանաբաններն իրենց աշխատություններում նշել են, որ մինչեւ 1970-ականների սկիզբը Հայաստանի հարավային տարածքների բնակիչ ընձառյուծը հանդիպել է նաեւ հյուսիսարեւելյան շրջաններում՝ Իջեւանի եւ Բերդի տարածքում: Փաստերի համաձայն` վերջին անգամ այդ տարածքում ընձառյուծ նկատել են Բերդի եւ Ղազախի սահմանին: Ընդ որում` մեր երկրի հյուսիսային եւ հարավային տարածքները կապ չեն ունեցել միմյանց հետ, հովազն իր ճանապարհը հարթել է Ղարաբաղի եւ Արեգունի լեռնաշղթաներով:

Հայաստանում ընձառյուծի անհետացման պատճառը, խորհրդահայ կենդանաբանների կարծիքով («Հայաստանի բնություն» հանդես) մարդածին (անտրոպոգեն) գործունությունն է` որսագողությունը կրում էր համատարած բնույթ, այնուհետեւ` կենդանու կերային բազայի նվազումը: Փաստացի տեղեկությունների համաձայն` միայն 1950-1972-ին ՀՀ տարածքում սպանվել է 75 ընձառյուծ, այսինքն` այդ կենդանատեսակի քանակը կրճատվել է ավելի քան 10-11 անգամ:

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը պատմում է, որ մինչեւ 1972-ը պետությունը թույլատրել է չհամակարգված որսը, այդ թվում` նաեւ հովազի: «Եթե չեմ սխալվում մեկ գայլի համար այն ժամանակ պետությունը որսորդին վճարում էր 50 խորհրդային ռուբլի, իսկ հովազի համար` 100-150 ռուբլի»,- ասում է նա:

Ըստ կենդանաբանների, ցավոք, խորհրդային շրջանում վատն այն էր, որ գիշատիչ թռչուններին կամ կաթնասուններին վնասատու էին համարում` չմտածելով, որ այդ տեսակները նույնպես կարեւոր դերակատարություն ունեն բնության մեջ: Մերօրյա մասնագետները նշում են, որ, Կարմիր գրքի մեջ ընձառյուծն ներառելով, իշխանությունները դեռ այն ժամանակ հասկացան, որ վտանգված է հովազի պոպուլյացիան եւ պետք է միջոցներ ձեռնարկել` այդ կենդանատեսակը փրկելու համար:

1978-1992 թթ. կենդանաբանները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հաշվառել էին հովազի 4 առանձնյակ: Երկար տարիներ արգելոցում աշխատած Մ. Ղասաբյանը նշում է, որ այդ տարիներին դեռեւս գոյություն ունեին կոլխոզ- սովխոզներ, Կաքավաբերդի տարածքում այծերի պոպուլյացիան նորմալացել էր, հետեւաբար` հովազի կերն առատ էր:

ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտն առանձին չի զբաղվել ընձառյուծի ուսումնասիրությամբ: Առաջին անգամ այդ գործը ստանձնած կենդանաբան Իգոր Խորոզյանը նշում է, որ 1997-98 թթ. է սկսել է հավաքագրել փաստեր (արտաթորանք, ոտնաթաթերի հետքեր, կերի մնացորդներ եւ այլն) «Խոսրովի անտառ» պետական արգելոցից մինչեւ Մեղրի (Արաքսի հովիտ): «Կենսաքիմիական անալիզները ցույց տվեցին, որ իրականում կենդանին մշտապես ապրում է Հայաստանի տարածքում: Իսկ Վայոց ձորում եւ Սյունիքում ընձառյուծը միգրացիայի է ենթարկվում, այսինքն` գնում - գալիս է»,- ասում է Խորոզյանը եւ պնդում, որ հովազը, բացի վերը նշված տարածքներից, Բարգուշատի լեռներով անցնում է Ղարաբաղի բարձրավանդակ, այնտեղից էլ` Կովկասյան լեռներ:

Ներկա վիճակի մասին խոսելիս մասնագետները նշում են, որ հովազի համար այնքան էլ բարենպաստ պայմաններ չկան` չնայած կերային բազա համարվող կենդանատեսակների պոպուլյացիան տարեցտարի բարելավվում է, բայց հովազը մեր տարածաշրջանում իրեն պաշտպանված չի զգում: Այսինքն` հովազի կեր հանդիսացող կենդանիների՝ բեզոարյան այծի, վարազի, այծյամի եւ այլ խոշոր կաթնասունների թվաքանակը բավարար է, որպեսզի մեր երկրում ապրեն ավելի շատ հովազներ, քան այսօր հաշվառված 3-5-ը, ընդ որում` մի քանիսը համարվում են «միգրանտներ»: Կենդանաբանները նաեւ պնդում են, որ Հայաստանում հովազի քանակությունն այնքան էլ շատ չպետք է լինի. 20- 25 հովազը բավարար է, քանի որ չունենք մեծ տարածքներ: Գիտականորեն ապացուցված է, որ յուրաքանչյուր հովազի համար, որպես ապրելավայր հարկավոր է 18-ից մինչեւ 25 հազրա հա. տարածք:

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի Կովկասյան ընձառյուծի ծրագրի համակարգող Ալեկսանդր Մալխասյանը նշում է, որ կովկասյան ընձառյուծների ամենամեծ պոպուլյացիան հարեւան Իրանում է. իրանցի կենդանաբանները իրենց տարածքում մինչեւ 1000 առանձնյակ են հաշվել: Պատճառներից մեկը այն է, որ հեղափոխությունից հետո Իրանի կառավարությունը մեծ տարածքներ է վերցրել պահպանության տակ` Հայաստանին սահմանակից տարածքներում:

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը նշում է, որ կովկասյան ընձառյուծը հիմնադրամի կողմից առանձնացված հատուկ ցուցակում է. «Ճիշտ է բեզոարյան այծը, մուֆլոնը, գորշ արջը նույնպես ընդգրկված են միջազգային Կարմիր ցուցակում, սակայն պետք է նկատել, որ, պահպանելով ընձառյուծին, պահպանում ենք նաեւ իր որս հադիսացող տեսակները»: Բնության համաշխարհային հիմնադրամը, սկսած 2002-ից, իրականացնում է ընձառյուծի պահպանության ծրագիրը, որի շրջանակներում օգնել է «Խոսրովի անտառ» եւ «Շիկահող» պետական արգելոցներին` նրանց տրամադրելով տեխնիկական աջակցություն, ընձառյուծի պահպանության համար տեղադրվել են ուղեփակոցներ եւ ցուցանակներ, հիմնվել են հակաորսորդային խմբեր, տրամադրվել են ամենագնաց մեքենաներ, ինչպես նաեւ մի շարք համայնքներում՝ իրազեկման ծրագրեր:

Տարիներ առաջ 6 երկրների (ՌԴ, Թուրքիա, Իրան, Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան) փորձագետների կողմից մշակվել եւ հաստատվել է «Կովկասյան ընձառյուծի պահպանության տարածաշրջանային ռազմավարությունը», որի հիման վրա հայկական կողմը մշակել է նաեւ գործողությունների ազգային պլանը, որի մոտ 60 տոկոսն արդեն իրականացվել է, բայց դեռ անելիքներ կան` էկոլոգիական միջանցքների ստեղծում, նոր պահպանվող տարածքների հիմնում եւ այլն:

2009-ին կառավարության որոշմամբ ստեղծվել են «Արեւիկ» ազգային պարկը (34401.8 հա) եւ «Զանգեզուր» արգելավայրը (17369 հա), որոնքը շատ կարեւոր են ընձառյուծի պահպանության համար: Արդեն աշխատանքեր են իրականացվում ՄԱԿԶԾ/ԳԷՀ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության ծրագրի շրջանակներում, որպեսզի «Զանգեզուր» արգելավայրին միացվի նաեւ «Խուստուփ» արգելավայրը, եւ Հայաստանի հարավում կստեղծվի մեծ բնապահպանական ցանց, որտեղ, ըստ՝ Կ. Մանվելյանի իրենց հանգիստ կարող է զգալ 3-4 ընձառյուծ:

«Հովազին պահպանել պետք չէ: Եթե կան պահպանվող տարածքներ եւ այդ տարածքի անձնակազմը աշխատում է ինչպես կարգն է, ապա հովազը կարող է հանգիստ ապրել իր ընտրած տարածքում»,- ասում է Ի. Խորոզյանը: Իսկ, ըստ Ղասաբյանի, միգրացիոն գործընթացն այս կենդանատեսակի համար բարդ է, քանի որ հայ- նախիջեւանյան սահմանը հսկվում է երկու կողմից, եւ մարդիկ չեն թողնում, որ հովազը նորմալ տեղաշարժվի:

Ոչ պաշտոնական տվյալներով` վերջին 10 տարիներին Հայաստանի տարածում մոտ 5 հովազ է սպանվել, վերջին դեպքը գրանցվել է 2009-ի ձմռանը: Մինչ օրս բնության գրկում ընձառյուծին հաջողվել է լուսանկարել ընդամենը երկու անգամ՝ 2005 եւ 2007 թվականներին, որոնք մեր տարածք են անցել Իրանից: Երկու լուսանկարահանումն էլ կատարվել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից:

Այսօր կառուցվում է Իրան-Հայաստան նոր ՀԷԿ-ը, եւ հարց է առաջանում` հովազն ինչպե՞ս կարող է առանց խոչընդոտների մուտք գործել Հայաստան. վերջին 10 տարիներին Հայաստանում հանդիպած հովազները կարողացել են կտրել Արաքս գետը եւ անցնել մեր տարածք: Իսկ նոր ջրամբարի կառուցումից հետո, ըստ մասնագետների, այն կարող է խոչընդոտ դառնալ կենդանու ճանապարհին:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժին պետ Արամ Աղասյանի հայ- իրանական համագործակցությամբ իրականացման փուլում է գտնվում «Արեւիկ» ազգային պարկի (ՀՀ) եւ «Դիզմար» պահպանվող տարածքի (Իրան) միջեւ էկոմիջանցքների ստեղծումը, որը կձգվի մինչեւ Արաքսի հովիտ եւ կընդգրկի մոտ 4 հազար հա տարածք: «Դա շատ կարեւոր է հատկապես միգրացիայի ենթարկվող կենդանիների՝ ընձառյուծի, բեզոարյան այծի եւ այլ կենդանատեսկաների համար»,- ասում է Ա. Աղասյանը:

Նշենք, որ ընձառյուծը պահպանվում է նաեւ օրենսդրությամբ. տարիներ առաջ ընդունվեց «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքը, որի համաձայն` կովկասյան ընձառյուծ որսացողը կտուգանվի 3 մլն դրամով: Ապօրինի որսի համար պատիժ է սահմանվում նաեւ քրեական օրենսգրքով:

Վերջին տարիներին ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության գերակա խնդիր է դարձել կենդանական աշխարհի պահպանությունը, հատկապես` ապօրինի որսի դեմ աշխատանքը։ Սակայն ինչպե՞ս է ընթանում պայքարը հատկապես ստվերային որոսորդության դեմ, գնահատականները թողնում եմ ընթերցողին:

Հեղինակ՝ Գալուստ ՆԱՆՅԱՆ
Ընձառյուծ
© WWF Enlarge

Subscribe to our mailing list

* indicates required